ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԹՈՒՐՔԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՁԱԽՈՂԵՑ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԻՆՉԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՄԵԾ ՆՎԱՃՈՒՄ Է»

«ԹՈՒՐՔԻԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՁԱԽՈՂԵՑ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԻՆՉԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՄԵԾ ՆՎԱՃՈՒՄ Է»
27.11.2009 | 00:00

Վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ հնչել այն տեսակետը, թե Հայ ազգային կոնգրեսի ներսում տարաձայնություններ կան ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների, այլև զուտ մարտավարական խնդիրների առնչությամբ։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այսօրվա ընդդիմության, մասնավորապես, ՀԱԿ-ի գործունեությունը` նահանջողակա՞ն, թե՞ սպասողական: Այս հարցով մեր զրույցը սկսեցինք ՍԴՀԿ անդամ ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ։
«Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԷԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՆ»
-Նախ` պետք է նշել ՀԱԿ-ի հսկայական դերը նախընտրական, ընտրական ու հետընտրական ողջ ժամանակահատվածում` ժողովրդին արթնացնելու, հույս ներշնչելու, համախմբելու առումով,- ասաց պարոն Շիրխանյանը։- Այնուհետև Ղարաբաղի հիմնահարցի շուրջ խնդիրները սրվեցին, երևան եկան հայ-թուրքական արձանագրությունները։ Այստեղ ի հայտ եկան կոնգրեսի ու նրա մեջ մտնող կուսակցությունների գաղափարական որոշակի տարաձայնությունները։ Ես, որպես հնչակյան, կարծում էի, որ կոնգրեսը պետք է շատ արագ արձագանքի այդ երևույթներին` դրանք համարելով Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներ։ Սակայն ՀԱԿ-ը որդեգրեց այլ քաղաքական կուրս, որը նրան անդամակցող քաղաքական ուժերը միարժեք չընդունեցին, և որը քննարկումների տեղիք տվեց։ Տարաձայնություններ չեն կարող չլինել, որովհետև անհնար է, որ 17 կուսակցություն իր ծրագրերով ու գաղափարախոսությամբ ունենա միևնույն կարծիքը։ Ամեն կուսակցություն պետք է սեփական մոտեցման տերը լինի։ Այսօր էլ եմ համարում, որ Հայաստանի և հայության գոյատևման գլխավոր սպառնալիքներն են հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Մենք 19 տարի սարսափելի կորուստների, դժվարությունների, տառապանքների միջով անցնելով` ունեցել ենք միայն մեկ նվաճում` Արցախի ազատագրումը։ Կորցնելով դա` կորցնելու ենք նաև մեր հայրենիքի վերջին փոքրիկ մասնիկը, խոսքը Հայաստանին է վերաբերում։ ՈՒստի կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է լրջորեն քննարկեր այս մոտեցումներն ու դրանք հիմնավորեր։ Ի դեպ, մենք հիմնավորումներ չունենք նաև իշխանության կողմից, թե ինչու է ուզում, որ սահմանները բացվեն։ Չկա հիմնավորում, որը լիներ լուրջ վերլուծական, հետազոտական աշխատանքի արդյունք ու առնչվեր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական ոլորտներին։ Հիմնավորում չկա նաև ընդդիմության կողմից, որ այս քայլը լավ է և օգուտ կբերի։ Մի քանի թվեր են ներկայացնում, թե արտահանումն ու ներմուծումը կաճեն, ինչը պարզապես ծիծաղելի է, քանի որ դրանից Հայաստանի տնտեսությունն իրականում ոչ մի օգուտ չի ունենա։ Այո, կարծում եմ, որ այսօր ընդդիմությունն ակտիվ չէ Հայաստանին և հայությանն սպառնացող վտանգների հանդեպ։
-Սակայն պետք է նկատել, որ ոչ միայն ազգային հարցերում են ընդդիմության ներսում լուրջ տարակարծություններ առաջանում, այլ նաև մարտավարության։ Այդ են վկայում որոշ կոնգրեսականների հայտարարությունները։
-Ես կոնգրեսի քաղաքական խորհրդի, շտաբի աշխատանքներին չեմ մասնակցում, ներքին խոհանոցը չգիտեմ և որևէ կարծիք հայտնել այդ մասին չեմ կարող ու չեմ էլ ուզում։ Ասացի այն, ինչն ակնհայտ է ու պարզ։
-Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում շատ ուժեր իշխանությունների հետ համագործակցության հստակ առաջարկ են նկատել։ Նախ` համամի՞տ եք այդ տեսակետին, և արդյոք հնարավո՞ր է, որ դրանով էր պայմանավորված վերջերս Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի բավարարումը։ Այս երկու գործընթացների միջև կապ տեսնո՞ւմ եք։
-Չեմ կարող ասել, թե այդ երկուսի միջև կապ կա։ Այս բուռն գործընթացների ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է իրեն դրսևորի որպես մարդու իրավունքները հարգող ղեկավար, իրեն դա անհրաժեշտ է։ Չեմ հավատում, թե Տեր-Պետրոսյանն առաջարկել է իշխանություններին համագործակցություն։ Նա իշխանությունների հետ համագործակցության գնացող չէ։
-Ընդդիմության մյուս թևը, ի դեմս դաշնակցության, «անհաշտ» հարաբերությունների մեջ է ՀԱԿ-ի հետ, ընդհուպ հայտարարելով, թե ՀԱԿ-ը քաղաքականապես ողջ մնալու խնդիր ունի։ Իսկ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը դաշնակցության գործունեությանը։
-ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է և ունի իր ներքին սահմանափակումները, խոհանոցը։ Պետք է գնահատել միայն նրանց գործողությունները` նստացույց, հացադուլ, երթ, բողոքներ։ Շատ կուզենայի, որ դրանց մասնակցեր ողջ հայությունը։ Այն կարող էր հանգեցնել արձանագրությունների չստորագրմանը։ Այս առումով ՀՅԴ-ի գործողություններն այդ պահին գոնե տեղին էին։
-Կարծում եք` ՀԱԿ-ի հետագա գործողությունները պետք է խարսխված լինեն զանգվածային միջոցառումների վրա՞։ Այսօր ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ը։
-Շատ կուզենայի իմանալ, թե ՀԱԿ-ն ինչ է անելու, բայց չգիտեմ։
-Պարոն Շիրխանյան, այնպիսի տպավորություն է, թե Դուք ՀԱԿ-ի անդամ եք և անդամ չեք, քանի որ տեղյակ չեք կոնգրեսի ո՛չ մի անելիքից։
-Այո՛։ Կոնգրեսի անդամ են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ես շարքային կոնգրեսական եմ։ Շարքային կոնգրեսականները տեղյա՞կ են` ի՛նչ է պլանավորում, ցանկանում անել կոնգրեսը։ Իհարկե` ո՛չ։ Պարզապես իրավիճակը վերլուծելով` իմ տեսակետն եմ ներկայացնում, որ ճիշտ կլիներ ՀԱԿ-ն այս-այս քաղաքականությունը որդեգրեր։
«ԱԼԻԵՎԻ ՊԱՀՎԱԾՔԸ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԷՐ, ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ»
-Օրերս տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որին նախորդեց Ադրբեջանի նախագահի շատ կոշտ հայտարարությունը, հաջորդեց Հայաստանի նախագահի վերստին կտրուկ պատասխանը։ Ձեր կարծիքով` որտե՞ղ պետք է փնտրել ճշմարտության հատիկը։ Իսկապե՞ս բանակցային սեղանին դրված են այն վտանգները, որոնց մասին ակնարկում է Իլհամ Ալիևը։
-Կա մի օբյեկտիվ երևույթ` արտաքին ճնշում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի վրա, որը նպատակաուղղված է հակամարտության շուտափույթ լուծմանը։ Հայ-թուրքական հարաբերություններն ինչ-որ տեղ ազդեցին թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Վերջին հանդիպման ժամանակ Ալիևի պահվածքը, վարքագիծը ցույց են տալիս, որ այդ մարդը բավականին նյարդային է, անհավասարակշիռ։ ՈՒնենալով հարյուր տոկոսանոց դաշնակից եղբայր` Ադրբեջանի մոտ լուրջ կասկածներ առաջացան այդ դաշնակցության, եղբայրության վերաբերյալ։ Սրանով կարելի է նաև բացատրել Ալիևի վարքագիծը։ Իսկ Ալիևի և Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունները նոր բան չեն։ Դրանք ավելի շատ ուղղված են ներքին օգտագործմանը, իրենց հասարակությանը` երկրում կայունությունը պահպանելու համար։ Այն, որ սրանք շատ մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին, ակնհայտ է։ Այդ հայտարարությունները նաև համապատասխան արձագանք են ունենում և՛ Հայաստանում, և՛ միջազգային հանրության կողմից։ Այս ամենի տակ կա՞ իրական վտանգ։ Կարծում եմ, Ադրբեջանը, պատերազմ սկսելով, շահելու շանս չունի, և դա կլինի պարզապես քաղաքական խելագարություն։ Այսօր, նախ, թույլ չեն տա պատերազմ սկսել, քանի որ դա ոչ մեկին օգուտ չի բերի, նույնիսկ հաղթող կողմին։ Բայց որ այդ ամենից ավելի շատ տուժելու է Ադրբեջանը, կասկած չունեմ։
-Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է տարածքներ հանձնելու, զիջելու։ Դուք և՞ս այդ կարծիքին եք։
-Կարծում եմ` ո՛չ։ Սարգսյանը պատերազմական լուրջ ճանապարհ է անցել։ Մենք Ադրբեջանին վերադարձնելու հող չունենք։ Ամեն մի ազատամարտիկ, պատերազմի մասնակից` լինի կազմակերպիչ, հրամանատար, շարքային ազատամարտիկ, այս կերպ է մտածում։ Եթե մի ազատամարտիկի կամ հրամանատարի գտնեք, որը կասի, թե հողերը պետք է վերադարձնել, կասեմ, որ հնարավոր է Սերժ Սարգսյանն էլ է այդպես մտածում։ Սակայն նրանց մեջ չես կարող գտնել այդպես մտածողների։ Երկրորդեմ` Ադրբեջանին ոչ մի կտոր հող չունենք վերադարձնելու։ Ադրբեջանը դեռ մեզ պարտք է Նախիջևանը։
-ՀՀ նախագահի խոսնակի միջոցով բարձրաձայնվեց այն տեսակետը, որ, եթե Ադրբեջանը շարունակի նման կերպ, Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը։ Այս պահին կա՞ դրա նպատակահարմարությունը։
-ԼՂՀ-ի անկախության ճանաչումը նույնիսկ ուշացած է։ Ճանաչումը նոր ուղղություն է տալու բանակցային գործընթացին և խաղաղության հաստատմանը։ Մադրիդյան սկզբունքները, որոնք այսօր պարտադրված են, պատերազմ սկսելու, ոչ թե խաղաղություն հաստատելու սկզբունքներ են։ Սա հասկանում են և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ Ադրբեջանը։ Խաղաղություն հաստատելու համար պետք է այս տարածաշրջանում դադարեն արտաքին միջամտությունները և այլ երկրների շահերի հետապնդումը։ Բանակցային սեղանին շահեր պետք է ունենան միայն Ադրբեջանը, ԼՂՀ-ն ու Հայաստանը։ Նոր կողմ ավելանալու դեպքում բանակցությունները շեղվելու են խաղաղության ճանապարհից, որովհետև և՛ Եվրոպան, և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանն իրենց նպատակներն ու շահերն ունեն։
-Ի դեպ, կարծիք կա, թե այս իշխանությունների և ընդդիմության, մասնավորապես ՀԱԿ-ի առաջնորդի ժամանակին որդեգրած արտաքին քաղաքականությունը, հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, գրեթե նույնն է։ Ձեր մեկնաբանությունը։
-Գաղափարական համոզմունքի խնդիր է։ Իշխանության մեջ շատերը ողջունեցին մադրիդյան սկզբունքները, կոնգրեսում էլ եղան մարդիկ, ովքեր այդ կարծիքին էին։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, այո՛ կոնգրեսի առաջին հայտարարությունը մասամբ ողջունում էր այդ հարաբերությունների ստեղծումը, բացի մեկ-երկու կետերից։ Մենք` հնչակյաններս, կարծում ենք, որ չի կարող լինել որևէ հարաբերություն թշնամի երկրի հետ, ինչպիսին Թուրքիան է, քանի դեռ նա չի ճանաչել ցեղասպանությունն ու չի սկսել հատուցման գործընթացը։ Թուրքիայի բոլոր պաշտոնական փաստաթղթերում, որպես ազգային սպառնալիք, նշված է հայության պահանջատիրությունը։ Իսկ Թուրքիան լուրջ երկիր է, և եթե նա իր ազգային անվտանգության դոկտրինում նման բան է նշում, նշանակում է` ինքը համոզված է, որ այդ պահանջատիրությունն իրավական հիմքեր ունի։ Այնինչ մենք ամեն կերպ հրաժարվում ենք այդ պահանջատիրությունից։ Աղայություն ենք ցուցաբերում, բայց ո՞ւմ հաշվին` մեկուկես միլիոն զոհերի՞, թե՞ մեր հայրենիքի։ Հայրենիքից հրաժարվում ենք աղայավարի, թե` արի ախպերանանք, ամեն ինչ անցել է։ Այսպես չի կարելի։
«ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԻ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ԿՎԱՎԵՐԱՑՆԵՆ»
-Կրկին անդրադառնանք հայ-թուրքական արձանագրություններին։ Թուրքիայի խորհրդարանը դրա վավերացումը կձգձգի՞։
-Այո, մինչև արտաքին ճնշող ուժերը չկարողանան համաձայնության բերել Ադրբեջանին Թուրքիայի հետ, Թուրքիային` Հայաստանի հետ։ Երբ ամեն ինչ ներքին կարգով համաձայնեցվի, այդ ժամանակ էլ կվավերացնեն։
-Եթե կարծում եք, որ արձանագրությունները սպառնալիք են Հայաստանի համար, ապա չե՞ք կարծում, որ Թուրքիան նման պարագայում կշտապեր օր առաջ դրանց «միս ու արյուն» տալ։
-Փաստորեն, Թուրքիան առանց վավերացման արդեն իսկ հասել է երկու նպատակի. ցեղասպանության ճանաչման խնդիրը ձախողվեց ողջ աշխարհում, ինչը Թուրքիայի համար շատ մեծ նվաճում է։ Երկրորդը` Թուրքիան կարողացավ լուրջ անվստահության տարր մտցնել հայաստանահայության և սփյուռքահայության միջև։ Կարելի է ասել, որ Թուրքիան իր սկզբնական նպատակին հասել է։
-Ամփոփենք, հստակեցնելով` Հայաստանի իշխանությունների վարած և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունը, ըստ Ձեզ, այսօր իշխանափոխության անհրաժեշտություն առաջացնո՞ւմ է։
-Այն, որ այդ քաղաքականությունը սխալ է, ակնհայտ է։ Ազգային նման լուրջ խնդիրների մեջ մտնելուց առաջ իշխանությունները պարտավոր էին ապահովել թիկունք։ Իսկ թիկունքը հասարակությունն է, նրա վստահությունը և հավատը։ Եթե այդ վստահությունն ու հավատը լինեին նրանց թիկունքում, մենք կհասնեինք շատ ավելի մեծ հաջողությունների` պահպանելով մեր ազգային նկարագիրը, հասնելով ազգային խնդիրների ճշգրիտ լուծմանը։ Այսօր իշխանություններն իրենց թիկունքում չունեն վստահող, հավատացող հասարակություն։ Եթե իշխանությունները շարունակեն այս գործընթացը` շրջանների հանձնումը, ապա տարբեր ուժերի կողմից կլինի շատ մեծ դիմադրություն, ինչը իշխանությունների համար կառավարելի չի լինի։ Այս պարագայում հնարավոր է նաև իշխանափոխություն։ Այլ կերպ չեմ տեսնում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ